Հյուրախաղերը անհրաժեշտ է ծրագրել շատ տարիներ առաջ, իսկ այն, ինչը մեզ մոտ ստացվել է, ստացվել է միայն իմ անձնական կապերի եւ ստեղծված իրավիճակի շնորհիվ: Այսպես է եղել նաեւ այն ժամանակ, երբ մենք գնացինք Դուբայ եւ Քուվեյթ: Այս մասին Երեւանում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Նա անդրադարձավ նաեւ թատրոնի բազմաթիվ խնդիրներին: Դրանցից մեկը կաթացող տանիքն է: Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ 3 տարի շարունակ իրենց մշտապես ասում են՝ պետությունը միջոցներ ունի, սակայն դրանք ինչ-որ պատճառով իրենց չեն հասնում: Օրբելյանը նշեց, որ իրենք վերջերս կառավարությունից միջոցներ են խնդրել լուսային տեխնիկա ձեռք բերելու համար, քանի որ իրենց տրամադրության տակ եղած տեխնիկան արդեն հնացել է, սակայն իրենց մերժել են «միջոցներ չլինելու պատճառով»:
«Տեսնենք, թե ինչի համար փող կլինի»,- ասաց թատրոնի տնօրենը:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչն է ամենից շատ մտահոգություն առաջացնում, Օբելյանը հայտարարեց, որ ցանկանում է նորմալ շարունակել սկսած աշխատանքը՝ առանց որեւէ խոչընդոտի:
«Ասում են, չէ՞, որ եթե չես օգնում, գոնե մի խանգարի: Առայժմ խանգարում են»,- դժգոհեց Օրբելյանը:
Ինչ վերաբերում է դատական որոշմանը, որի համաձայն Օրբելյանը պետք է վերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում, ապա նա նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն արդեն այս որոշումը բողոքարկել է:



























