Իշխող քաղաքական ուժից Հայաստանի Սահմանադրական դատարանի անկախությունը ձեռքբերում է: Մեր երկրում երբեք այսպիսի ընկալում չի եղել, եւ Սահմանադրական դատարանի դատավորները այս անկախությունն ամրապնդելու հնարավորություն ունեն: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարվա արդյունքների ամփոփման համաժողովում ասաց իրավապաշտպան, «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականը կարելի է բնորոշել որպես օրակարգերի եւ իշխանությունների առաջ քաշած իրավական կարգախոսների ու սկզբունքների փորձության դիմակայության տարի:

«Այսօր իշխանության եղող մարդիկ երկար ժամանակ ասոցացվել են օրենքի գերակայության եւ իրավունքի գաղափարների հետ, եւ 2019-ը դարձավ հենց այն տարին, երբ մենք պետք է տեսնեինք՝ նրանց համար դա իսկապե՞ս արժեք է»,- նշեց նա:

Իրավապաշտպանը հիշեցրեց 2019 թվականի մայիսին դատարանների շենքերի շրջափակման միջոցով իրավական համակարգի վրա ճնշման մասին:

«Կարծում եմ, որ սա ամբողջ իրավիճակի համար բնական գործընթաց է, քանի որ քաղաքական իշխանություններն այդպես էլ չեն ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը, եւ որ այն պետք է դուրս լինի քաղաքական գործընթացներից: Սա տրամաբանական էր, քանի որ նույնպիսի մեթոդով նրանք վերահսկողություն հաստատեցին օրենսդիր իշխանության վրա: Եթե իշխանությունները դրանից շահեցին, ապա պետականությունը կորուստներ կրեց»,- հավելեց Մելիքյանը:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ այն ուղեկցվում է կոպիտ խախտումներով:

Մելիքյանը նշեց, որ իշխանությունները 2019 թվականին բազմիցս դիմել են երկակի ստանդարտների, երբ, օրինակ, որպես խափանման միջոց կիրառել են կալանքը Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի նկատմամբ, իսկ մարդկանց նկատմամբ, որոնք  2019-ի մայիսին դատավորների հանդեպ ավելի կոշտ գործողությունների էին դիմել, ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չկրեց: