Ճապոնիայի իշխանությունները որոշել են պարտադիր դարձնել մասնավոր օդանավերի եւ բիզնեսջեթերի ուղեւորների խոշորածավալ ուղեբեռի ստուգումը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարար Կաձույոսի Ակաբան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկրի իշխանություններն այսպիսի քայլի են դիմել այն բանից հետո, երբ Տոկիոյում տնային կալանքի մեջ գտնվող ֆրանս-ճապոնական ավտոմեքենաշինական Renault - Nissan – Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնը երկրից փախել է մասնավոր օդանավով:
Kyodo գործակալության տեղեկություններով՝ այդ պահանջը կվերաբերի ճապոնական 4 օդանավակայանների, որտեղ իրականացվում է մասնավոր օդանավերի ժամանումն ու մեկնումը՝ մայրաքաղաքային Հանեդա եւ Նարիտա օդանավակայաններին, երկրի կենտրոնական մասում Տյուբու օդանավակայանին եւ Ճապոնիայի հարավ-արեւմուտքում Կանսայ օդանավակայանին, որտեղի էլ Գոնը իրականացրել է փախուստը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կառլոս Գոնը կարող էր մասնավոր օդանավի մեջ հայտնվել երաժշտական գործիքների արկղի մեջ: Իր խոշոր չափերի պատճառով արկղը չի ստուգվել ինտրոսկոպով, չի կատարվել նաեւ ձեռքով ստուգում:
2019 թվականի վերջին հայտնի էր դարձել, որ Գոնը Ճապոնիայից Լիբանան է փախել: Նա դեկտեմբերի 31-ին այս տեղեկությունը հաստատել էր՝ ճապոնական արդարադատությանը մեղադրելով անարդարացիության եւ կողմնակալության մեջ: Այս պահին հայտնի չէ, թե տնային կալանքի եւ ոստիկանության հսկողության տակ գտնվող Գոնն ինչպես է կարողացել Ճապոնիայից հեռանալ: Kyodo գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գոնին իբր դուրս են բերել ճապոնական նահանգային օդանավակայանից, որից հետո նրան մասնավոր օդանավով Լիբանան են տեղափոխել Թուրքիայից:
Ֆրանսիայի, Բրազիլիայի եւ Լիբանանի քաղաքացիություն ունեցող Գոնին Տոկիոյի դատախազությունը կալանավորել էր 2018 թվականի նոյեմբերի 19-ին: Քննության պնդմամբ՝ նա պատշաճ կերպով չի հայտարարագրել 2010-2018 թվականներին որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահ ստացած իր 9 մլրդ իենի (80 մլն դոլարից ավելի) պարգեւատրումը: Նրան առաջադրվել են նաեւ այլ մեղադրանքներ: Անցյալ տարվա ապրիլին Գոնին բանտից ազատել էին՝ գրավի դիմաց տնային կալանքի խափանման միջոցով:



























