Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների կոնգրեսը երեքշաբթի տեղի ունեցած քվեարկության երկրորդ փուլում սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին հաստատել է վարչապետի պաշտոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սանչեսը վարչապետ է դարձել ընդամենը 2 ձայնի առավելությամբ. կողմ է քվեարկել 167 պատգամավոր, դեմ՝ 165, ձեռնապահ է մնացել 18 պատգամավոր:

Նոյեմբերյան ընտրություններում հաղթած Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության առաջնորդ Սանչեսի թեկնածությանը, սոցիալիստներից բացի (120 մանդատ), աջակցել են ձախ Unidas Podemos-ի (35) պատգամավորները եւ մի քանի մանր կուսակցությունների՝ Բասկյան ազգայնական կուսակցության, Más País-ի, Compromís-ի, Գալիական ազգայնական դաշինքի, «Տերուելը գոյություն ունի» եւ «Նոր Կանարների» պատգամավորները:

Դեմ են քվեարկել աջ Ժողովրդական կուսակցությունը (89), ծայրահեղ աջ VOX-ը (52), ցենտրիստական «Քաղաքացիները» (10), ինչպես նաեւ մի շարք ավելի մանր կուսակցություններ, ներառյալ կատալոնական աջ «Միասին հանուն Կատալոնիայի» եւ ձախ արմատական «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցությունները:

Ձեռնպահ են մնացել Կատոլոնիայի ձախ հանրապետականները (ERC), որոնք հանդես են գալիս Կատալոնիայի անկախության օգտին, եւ արմատական EH Bildu-ն, որը պաշտպանում է Բասկերի երկրի անկախությունը: