ԱՄԷ-ն հայտարարել է, թե տարածաշրջանում լարվածությունը չի ազդի երկրի քաղաքացիների, բնակիչների կամ հյուրերի վրա։ Ինչպես հայտնել է ԱՄԷ ԱԳՆ-ը, երկրում բոլոր ենթակառուցվածքները նորմալ են աշխատում, հայտնում է AP-ը։
Դուբայի ֆինանսական եւ զբոսաշրջային կենտրոնը հայտարարել է, որ ԱՄԷ-ում անվտանգությանը սպառնալիքների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
ԱՄԷ-ն իրավիճակի դեէսկալացիայի կոչ է արել կողմերին։
Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հասցված վնասի գնահատումը շարունակվում է, եւ խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ։





























