Գլխավոր պատճառները, որոնք դրդել են ավտոարտադրող Renault - Nissan - Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնին փախչել Ճապոնիայից, դարձել են հավատի կորուստն այն բանի հանդեպ, որ իրեն սպասվում է արդար դատ, եւ կնոջ հետ շփվելու բացարձակ արգելքը։ Այս մասին Գոնը հայտարարել է Բեյրութում տված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մի պահ ես վերջնականապես հասկացա, որ Ճապոնիայում ես արդար դատի չեմ հասնի, որքան էլ ջանքեր գործադրեմ։ Եւ արգելքը հանդիպել կնոջս հետ, որին այդքան սիրում եմ»,- ասել է Գոնը։ Չնայած լրագրողների պնդումներին՝ Գոնն այդպես էլ չի պատմել, թե ինչպես է հեռացել Ճապոնիայից՝ չհերքելով եւ չհաստատելով այն վարկածը, որ նրան երկրից դուրս են բերել երաժշտական գործիքների տեղափոխման համար նախատեսված մեծ արկղով։
Հիշեցնենք, որ Գոնը Ճապոնիայից փախել է՝ օգտվելով այն հանգամանքից, որ տնային կալանքի մեջ էր: NHK-ն հայտնում է, որ դեկտեմբերի 29-ին նախկին թոփ-մենեջերը միայնակ հեռացել է Տոկիոյի իր բնակարանից եւ 800 մետր անցել մինչեւ հյուրանոց, որտեղ հանդիպել է երկու ամերիկացիների: Այս մարդիկ նույն օրը առավոտյան Դուբայից Օսակա էին ժամանել մասնավոր օդանավով: Նրանք իջեւանել էին օդանավակայանի շրջակայքի հյուրանոցներից մեկում: Նրանց մոտ մեծ արկղ է եղել:




























