«Դիանա Հարությունյան» անունով օգտատիրոջը մեղադրանքն առաջադրվել է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու եւ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ շատերը կասկածանքով վերաբերվեցին դրա վերաբերյալ ԱԾ հայտարարությանը եւ այդ անձի ինքնախոստովանությանը, նա զարմացավ, թե ինչու են կասկածանքով վերաբերվում. «Ուղղակի անմեղության կանխավարկածից ելնելով, եթե նկատել եք, մենք ոչ մեկի դեմքը չենք բացում եւ տվյալներ չենք ասում: Եթե պետության անվտանգության հետ կապված խնդիրներ են, ինչու են մտահոգիչ համարում»:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն հատո՞ւկ է արել, որ «Դիանա Հարությունյան» անունով օգտատերը խոստովանական ցուցմունքում տալիս է Ռոբերտ Քոչարյանի անունը, նա արձագանքեց. «Մենք հատուկ բան չենք արում»:
Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացմանը, նա ասաց. «Գործը շարունակվում է կանենք, կիմանաք»:
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Անդրադառնալով սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























