Աբխազիայում տեղի ունեցող բողոքները երկրի ներքին գործն են եւ կապված չեն դրսից ազդեցության հետ։ Խնդիրը պետք է լուծեն հանրապետության բնակիչները եւ նրա ղեկավարությունը, լրագրողներին շաբաթ օրն ասել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Վրացի պաշտոնյաները փորձում են (Սուխումում բողոքները) համաշխարհային հանրությանը ներկայացնել որպես իրադարձություններ, որոնք տեղի են ունենում զավթված տարածքում։ Այս համատեքստում պետք է ասել, որ իրադարձություններն Աբխազիայում կապ ունեն մեր երկրի ներքին քաղաքականության հետ։ Եվ երկրի ներսում առկա խնդիրները պետք է լուծեն աբխազ ժողովուրդն ու աբխազական ղեկավարությունը։ Միջամտությունը, որտեղից էլ որ լինի, անթույլատրելի է»,- ասել է նա։

Նախարարն ավելացրել է, որ նման գործընթացները պայմանավորված են նրանով, որ հանրապետությունը դեռեւս գտնվում է կայացման փուլում, նման իրավիճակ ծագել է ոչ առաջին անգամ։ «Դրանք իրադարձություններ են, որ տեղի են ունենում Աբխազիայում կատարվող գործընթացների պատճառով։ Ես չէի խոսի այն մասին, թե իրադարձությունները կապված են դրսից ազդեցության հետ»,- նշել է նախարարը։