ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապիլի 18-ը հռչակել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության  միջազգային օր:

Հաշվի առնելով օրվա խորհուրդը` նախատեսվում է մաքրման  աշխատանքներ իրականացնել  Աշտարակի, Գառնիի, Սանահինի, եւ  Երեւանի Հաղթանակի   կամուրջների  ու դրանց  հարող հատվածներում, ինչպես նաեւ վիշապաքարերի, պատմական բաղնիքների տարածքներում: Այս ակցիայի մասնակիցների` զինվորականների, դպրոցակաների եւ մնացած բոլորի համար  մասնագետները  կկարդան դասախոսություններ, կտրամադրեն հետաքրքիր տեղեկույթներ, կտան բացատրություններ:  Կկազմակերպվեն նաեւ էքսկուրսիաներ:

Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերի դպրոցներում գործող «Պատանի հնագետներ», «Պատանի  պատմաբաններ»  խմբակների անդամների համար այդ օրը հուշարձանների տարածքներում կանցկացվեն բաց դասեր, կկազմակերպվեն «Հուշարձանները լուսանկարներում» շրջիկ ցուցահանդեսներ, «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում կիրականացվի ծառատունկ: Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում միջոցառումներ  կլինեն «Պահպանեք եւ ժառանգենք», «Հուշարձանները մեր  ինքնությունն են» ակցիաների շրջանակներում:

Նշենք, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի  «Ոչ նյութական մշակութային ժառանգության» ցուցակում ընդգրկելու  համար ներկայացվել է «Վարդավառի ծես» հայտը:

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, կկազմակերպվի «Հուշարձաններն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Մրցույթի պայմանները կներկայացվեն ՀՀ մշակույթի նախարարության կայքում ապրիլի 18-ին: