Արդեն երկրորդ դասարանից հայ աշակերտները կսկսեն շախմատ խաղալ սովորել։ Այդ մասին կառավարությունն այսօր՝ ապրիլի 14-ին ընդունեց համապատասխան որոշում։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվեց 177 մլն դրամ` Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար։ Գումարը պետք է ծախսվի պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաեւ դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման նպատակով։
Բացի այդ գումարից՝ նախարարությանը տրամադրվել է եւս 386 հազ. դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան եւ աթոռ ձեռք բերելու նպատակով։
Ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։





























