2019 թվականի 9 ամսվա արդյունքներով օտարեկրկյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելի է եղել, քան 2018-ին: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Դա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից կա մեկ այլ ցուցանիշ, որ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշն է, այսինքն թե, տարվա ընթացքում որքան են ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ: Այդ առումով կունենանք մոտ 16 տոկոս ցուցանիշ: Դա ներառում է եւ պետության, եւ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում ներդրումները: Կառավարությունը ծրագրային նպատակ սահմանել է ոչ պակաս, քան ՀՆԱ 25 տոկոսի չափով ցուցանիշ: 2019-ին կունենանք մոտավորապես այնպիսի ցուցանիշ, որը եղել է 2017-2018 թվականներին, սակայն արդեն 2020 թվականը կլինի ավելի լավ ներդրումային ցուցանիշով ամփոփված տարի»,-ասաց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ օտարեկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը 2018-ի համեմատ պակաս է եղել 60 մլն դոլարով:
«Եթե օտարերկրյա ներդրումային հոսքերը գալիս են այն միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարեկրյա մասնակցությունը 10 եւ ավելի տոկոս է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում: Հակառակ դեպքում՝ դա օտարերկրյա ներդրում է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե տարածաշրջանի լարվածությունը կազդի արդյոք ներդրումների վրա, նախարարը պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ Իրանի հետ կապված լարվածությունը շատ արագ կհանգուցալուծվի, եւ դեպքերը այնպես կզարգանան, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ընդհանրապես տարածաշրջանի համար կխոստանան միջին ժամկետ հուսալի հեռանկար, բայց մենք կածում ենք, որ Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու տեսանկյունից ձեր նշած գործոնը չի կարող էական խոչընդոտ հանդիսանալ»,-ասաց նա:
Չնայած դրան՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դեպի Իրան առեւտուրը դեռ որոշ ժամանակ չի ունենա այն ծավալները, որ պոտենցիալն է ենթադրում, սակայն Հայաստանը ԵՏՄ անդամ մաս է կազմում եւ կանխատեսելի միջավայր է ներկայացնում եվրոպական ներդրողների համար:





























