Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր` ապրիլի 14-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան: Նրանք ծանոթացել են թանգարանում բացված` Հայաստանի բրոնզեդարյան դամբարաններից գտածոների ցուցադրությանը, Վերին նավեր (Ք. Ա. 22-14դդ.) եւ Ներքին նավեր (Ք.ա. 25-20-րդ եւ 7-6-րդ դդ. ) դամբարանադաշտերում կատարված պեղումների արդյունքներին:
Նրանք դիտել են Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մերձակա Ներքին Նավեր կոչվող հնավայրում արքայական դամբարաններից հայտնաբերված կավաշեն անոթներ, բրոնզե զենքեր ու զարդեր, ոսկյա, ապակե ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված պերճանքի առարկաներ եւ այլ իրեր, որոնք ցուցադրված են թանգարանում:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի խոսնակն առաջարկել է հայտնաբերված արժեքավոր գտածոների ցուցադրություն կազմակերպել նաեւ Ազգային ժողովում, որտեղ այցելող օտարերկրյա հյուրերն ու պատվիրակությունները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության հնագույն էջերին:
Հովիկ Աբրահամյանն այցելել է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել այնտեղ բացված ժամանակավոր ցուցադրության շրջանակներում ներկայացված Երվանդ Քոչարի եւ Ժանսեմի աշխատանքները:




























