Երեւանում ապրիլի 16-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի առիթով, Երեւանի քաղաքապետարանը դիմել է բոլոր համատիրություններին եւ կոչ արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել բակային տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանը միաժամանակ հորդորում է անհարկի պաստառներից ու սոսնձված թղթերից մաքրել շքամուտքերն ու բազմաբնակարան շենքերի պատերը, հետեւողական լինել, որպեսզի դրանք փակցվեն միայն սահմանված տեղերում:
Քաղաքապետարանը կոչ է անում համատիրությունների բոլոր անդամներին, բոլոր բնակիչներին` հասարակական վերահսկողության տակ առնել կատարված աշխատանքները եւ անհանդուրժող լինել քաղաքի դեմքը խաթարող ցանկացած երեւույթի հանդեպ:





























