«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հիշեցրել է հանրակրթության ոլորտում առկա աղետալի վիճակը, որի համար «պատասխանատվության իրենց բաժինն ունեն» վարչապետի կողմից «բարձր» գնահատականի արժանացած մարզպետները:
Նրա նամակում, մասնավորապես, ասվում է, որ վերջերս բարձր գնահատականի են արժանացել ՀՀ մարզպետները, որոնց ենթակայության տակ գտնվող դպրոցներում կրթության որակը, ըստ ԳԹԿ-ի, 2010-2011թթ. անցկացրած 6 տիպի արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, միջինից ցածր է` 10-ից 4.5 միավոր:
«ՀՀ ՊՆ-ի 2010-ի ցուցանիշներով Ազգային բանակում 259 անգրագետ զինվորները նաեւ մարզպետարանների վատ աշխատանքի արդյունք են: Երեխաների կրթության իրավունքը մարզերում անհասանելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաների համար. նրանք զրկված են իրենց սահմանադրական իրավունքի իրացումից: Որոշ դպրոցներում տարածված են երեխաների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող, ՀՀ գործող օրենսդրությամբ պատժելի բռնության դեպքեր: Որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված են կաշառակերության, կեղծարարության, աշակերտին ծեծելու եւ հայհոյելու համար քրեական գործեր, որոնք օրինական ընթացք չեն ստանում:
Ստիպված եմ հերթական անգամ բարձրաձայնել. մարզպետների համար դպրոցներն ընդամենը ընտրություններում իրենց եւ իշխանության համար ձայն ապահովողներ են, տնօրենների մեծ մասը` իրենց կողմից կառավարելի: Տնօրենները մարզպետի կողմից գնահատվում են ոչ թե ըստ աշակերտների ստացած գիտելիքների գնահատականների կամ դպրոցում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ` ծառայամտության ու ապօրինությունների մեջ համագործակցելու համար:
Եթե Կառավարությունը հետեւում է լրատվությանը, ապա չի կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է, օրինակ, Գյումրիի Սլաբոդկա թաղամասի թիվ 1, Էջմիածնի թիվ 2 ավագ, Երեւանի թիվ 68 դպրոցներում, կամ էլ Ապարանի թվով 9 դպրոցներում Վերահսկիչ պալատի բացահայտած 21.5 մլն դրամի հավելագրումներին:
Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել, թե վերոնշյալ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերը որքանո՞վ են Ձեզ հետաքրքրում եւ որքանո՞վ եք համաձայն, որ Կառավարության կողմից մարզպետների գնահատման չափորոշիչները չեն բխում կրթության ոլորտում առկա վտանգները վերացնելու պետական անվտանգության շահերից»,- ասված է պատգամավոր Ա. Բախշյանի նամակում:





























