2011թ. Զատիկի` Հարության տոնի եւ Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ դոկտոր Օլավ Թվեյթն ու դոկտոր Վիորել Իոնիտան ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ստորեւ ներկայացվում է ուղերձը (կրճատումներով).
«Զատիկը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրը, այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ ապրիլի 24-ը Հայոց Եկեղեցու տոնացույցով համընկել է Զատկի կիրակիին: Դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Քանի որ Հայ Առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ եկեղեցիներին` իրենց աղոթքներում եւ 2011թ. Զատկական ուղերձներում հիշատակելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ եւ թուրք ազգերի միջեւ հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն:
Մեր բոլոր հավատակից եղբայրներին եւ քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի եւ ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով»:





























