«Տաշիր-2012» մրցանակաբաշխությունից հետո բարձրացված աղմուկից հետո ստեղծված «Օգնիր քեզ» կազմակերպությունը մտադիր է 2,5 մլն դրամ հավաքել 16 տարեկան մի տղայի բուժման ծախսերի համար, ով զրկված է երկու երկամներից:

Բուժման համար անհրաժեշտ է 7,5 մլն դրամ, որից 2,5-ը պետությունն է տալիս, 2,5-ը` հայ-շվեցարական ֆոնդը, իսկ 2,5-ը` «Օգնիր քեզ» ՀԿ-ն: Գումարի հավաքումը սկսվել է այսօրվանից` ապրիլի 16-ից:

Հիշեցնենք, որ երբ «Տաշիր 2011»-ի կազմակերպիչներն ու միջոցառման հովանավորներն թանկարժեք նվերներ (բնակարաններ, մեքենաներ) տվեցին հայրենական եւ ոչ միայն հայրենական շոու-բիզնեսի աստղերին, Facebook սոցիալական ցանցում ձեւավորվեց մի խումբ, որն առաջարկում էր աստղերին` իրենց նվերները տալ սոցիալապես անապահով մարդկանց: Դրանից հետո մի խումբ երիտասարդներ ստեղծեցին «Օգնիր քեզ» ՀԿ-ն` որպես արձագանք սոցիալական ցանցում շուրջ 10 օր բարձրացած դժգոհության:

Երիտասարդները որոշել են օգնել ուրիշներին, բայց կազմակերպության անունը դրել են «Օգնիր քեզ»` համոզմունքով, որ ուրիշներին օգնելիս նախեւառաջ ինքդ քեզ ես օգնում:

NEWS.am-ի հարցին, թե հիմա դուք դե՞մ եք, որ առաջարկում են աստղերին` անապահովներին տալ ստացած նվերները, կազմակերպության հիմնադիրները նշեցին, որ իրենք ոչ մեկին էլ դեմ չեն, պարզապես միավորվել են իրենց միջոցներով օգնելու բոլոր նրանց, ում կարող են:  

«Օգնիր քեզ»-ի առաջին սկզբունքներից մեկը քաղաքականությամբ չզբաղվելն է, երկրորդը`շահույթ չհետապնդելը: Կազմակերպության ակտիվիստները մոտ 150 են: