Գեղարվեստի ազգային կենտրոնում մայիսի 3-ին կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ վաճառվելու են Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի աշխատանքները, իսկ ամբողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ մի կնոջ բուժման համար:
Իսկ մայիսի 13-ին Ավանգարդ կենտրոնում նույն նպատակով կլինի ռոք համերգ մոտ 8 խմբի մասնակցությամբ: Կազմակերպիչները մտադիր են հրավերներ ուղարկել գործունյա կանանց եւ դեսպանատներ:
Մոտ մեկ ամիս առաջ Սյուի մայրիկի մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ: Անհապաղ վիրահատությամբ հեռացրել են նրա մի կուրծքը, այնուհետեւ նշանակվել է քիմիոթերապիա եւ բուժում Լա Ռոշ ֆիրմայի «Հերցեպտին» դեղորայքով, որի մեկ սրվակն արժե 3000 դոլար, իսկ անհրաժեշտ է 18 սրվակ` 54000 դոլար ընդհանուր գումարի դիմաց:
Կնոջ դստեր ընկերները, երբ իմացան նրա մոր մասին, մի շարք միջոցառումներ կազմակերպեցին` փրկելու Սյուի մայրիկին: Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ ստեղծել են «Մայրիկ» հիմնադրամ եւ արդեն հավաքվել է 3000 դոլար:
Պետությունը քաղցկեղով հիվանդներին պետպատվերի շրջանակներում տրամադրում է որոշակի դեղորայք, որոնց մեջ սակայն «Հերցեպտին»-ը չի մտնում:
Սյուի մայրիկի փրկության համար պայքարող նախաձեռնող խմբի նպատակը միայն մեկ կնոջ կյանքը փրկելը չէ: Նախաձեռնողներն ասում են, որ ցանկանում են բարձրաձայնել քաղցկեղով հիվանդներին դեղորայքի խնդրի մասին, ինչպես նաեւ բարեգործների ուշադրությունը հրավիրել մարդկանց կյանքի փրկության վրա:




























