Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ռուս պաշտոնյաների հետ քննարկել է ապրիլի 18-19-ին Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման եւ անցկացման խնդիրը:

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լեւիտինի, նաեւ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան եւ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ եւ Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները:

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման եւ անցկացման հարցերը: