Նախօրեին` ապրիլի 15-ին կայացած Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ասուլիսի լրատվական հրապարակման մեջ NEWS.am-ը ամբողջությամբ չի ներկայացրել տեղեկատվությունը։ Աբգար Ափինյանը Հայաստանի գրողների միության նախագահ Լեւան Անանյանի հետ իր հարաբերությունների մասին խոսելիս նշել է. «Հայաստանում չկա մեկ անձնավորություն, որի թշնամին լինեմ ես։ Բայց «Հրապարակ» թերթը գրել էր, որ «մենք ուսումնասիրեցինք-ուսումնասիրեցինք, եւ Լեւոն Անանյանի համար թշնամի գտանք Աբգար Ափինյանին»։ Բայց, երբ Լեւոն Անանյանը հիվանդ էր Աբգար Ափինյանն է նրա վիրահատության փողը տվել։ Պետք է ամեն ինչ ասեմ, երբ «Գարունը» չէր տպագրվում 5 հազար դոլար Աբգար Ափինյանն է տվել Լեւոն Անանյանին։ Ի՞նչ թշնամության մասին է խոսքը։ Ես պարզապես կարծում եմ, որ Լեւոն Անանյանը չլինելով գրող. նա գրող չէ, ոչ գրականակագետ է, ոչ բանաստեղծ է, ոչ արձակագիր, այս ներքին խոհանոցը գրականության զարգացման, չի կարող ուղղորդել։ Ես մեղադրանք չունեմ իր հանդեպ»։

Նշենք, որ նույն ասուլիսում Ափինյանը խոստովանել էր, որ համակրում է Հանրապետական կուսակցությանը, սակայն կուսակցական չէ։ Նա նաեւ հավաստիացրել էր, որ փոխնախարար դառնալու ցանկություն չունի, եւ երբեք պաշտոնի չի ձգտել։ «Թումանյանը Թումանյան չի եղել փոխնախարարի հանգամանքով կամ Գրողների միության նախագահի հանգամանքով»,- ասել է ԵԳՄ նախագահը։

NEWS.am-ը ներողություն է խնդրում ընթերցողներից` տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելու համար: