«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Շուշիի Խ.Աբովյանի անվան եռահարկ դպրոցի վերակառուցումը, որի ավարտից հետո 7300 քմ տարածք զբաղեցնող կրթօջախն իր չորս մասնաճյուղերում կսպասարկի մինչեւ 1200 աշակերտի:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսավորումը կատարվել է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքի հասույթից եւ ԼՂՀ կառավարությունից:

Շուշիի ամենամեծ դպրոցում այսօր ուսանում է 312 աշակերտ, որոնց թիվը, տնօրեն Նազիկ Նալբանդյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով, ինչը պայմանավորված է այստեղ վերջերս վերաբացված զորամասի առկայությամբ, ինչպես նաեւ Շուշի քաղաքի վերականգնման աշխատանքներով, ինչը բնակիչների շրջանում մեծ լավատեսություն է առաջ բերել:  

Կրթօջախի տնօրինությունը հպարտ է իր շրջանավարտներով եւ հավատում է, որ բարեկարգ դպրոցի սաների շարքում կլինեն գիտության, կրթության ու արվեստի բազմաթիվ նոր երախտավորներ:   

Նոր ուսումնական տարում դպրոցը կունենա նոր տեսք եւ ուսումնառության համար ամենաժամանակակից պայմաններ: