Այսօր Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը համարում է մեր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը եւ ներքաղաքական կյանքում առկա խնդիրները:
«Ես ամբողջ հոգով դեմ եմ որեւէ բռնության մարդու եւ առհասարակ` որեւէ ազգի դեմ եւ պահանջատեր եմ Թուրքիայի` հայերի նկատմամբ արված ոճրագործության համար: Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ, տարբեր կազմակերպություններ տարբեր երկրներում այդ ուղղությամբ աշխատում են, ես այդ ուղղությամբ անձամբ չեմ աշխատում»,- այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Անահիտ Բախշյանը չի կարող սեւեռվել ցեղասպանության հարցի վրա, երբ իր խոսքով, մարդիկ աշխատանք չունեն, մարդիկ փախչում են անարդարություններից, երկիրը դատարկվում է:
«Ես ավելի մտահոգված եմ, որ այսօր մեր երկրում մեր քաղաքացիների բերանից լսում եմ, որ երկրում ցեղասպանություն են անում: Հայաստանի Հանրապետությունում հայերի նկատմամբ ցեղասպանություն են անում, դրա հետ չեմ կարող հաշտվել, դրա դեմ եմ շարունակելու պայքարել»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Նրա ցանկությունն է մինչեւ Եղեռնի 100-ամյակը Հայաստանը բերել կայուն վիճակի, որ այստեղ ապրող մարդիկ չլքեն հայրենիքը:
Ի դեպ, նշենք, որ վաղն առավոտյան ժամը 9.30 «Ժառանգությունը» իր համակիրներով կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



























