Վրաստանը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են երեւում: Այդ մասին գրում է վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ զինամթերքի տարանցման պայմանագրի չեղյալ հայտարարման որոշմանը:
«Ըստ 2010թ. Wikileaks-ի հրապարակած փաստաթղթի, զինամթերքը, որը Հայաստանը գնում է Ռուսաստանից, դեռ թույլատրվում է անցկացնել Վրաստանի միջոցով, ինչը Վրաստանին տխրելու առիթ է տալիս: Վրաստանը վախենում է, որ Հայաստան է ուղարկվում ավելի շատ զինամթերք, քան անհրաժեշտ է, եւ որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ»,- գրումէ կայքն ու հավելում. «Վրաստանի դժգոհությունն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ 2010 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ չվերթների շնորհիվ, Հայաստանին տրամադրվող զինամթերքը զգալիորեն ավելացել է:
Ճիշտ է, Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, Վրաստանը այդ չվերթները չի արգելում, սակայն վախենում է, որ այդ բեռնափոխադրումները իրականացվում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի համար, ոչ Հայաստանի զինված ուժերի, եւ Ռուսաստանի կողմից նոր հակամարտության դեպքում, Վրաստանին կնեղեն հարավից»:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին միաձայն համաձայնեց կառավարության առաջարկին` չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ կնքած հնգամյա պայմանագիրը, որը կարգավորում էր ռուսական ռազմական բեռնափոխադրումները Հայաստան:




























