Նիդերլանդների Ալմելո հայաշատ քաղաքում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի, Ալմելոյի հայ մարմնակրթական ընդհանուր միության /ՀՄԸՄ/ եւ Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշ-երեկոյի սկզբում մասնակիցները ծաղկեպսակներ են տեղադրել 1915թ. զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ներկաներին իր ուղերձն է հղել Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության մերժման անհրաժեշտությանը եւ միջազգային հանրության պատասխանատվությանը` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը` համապատասխան դասերը քաղելով Մեծ եղեռնից:
Նա իր խոսքում նշել է. «Մենք պարտավորություն ունենք թե՛ մեր նախնիների հիշողության, եւ թե՛ ապագա սերնդի հանդեպ, եւ մենք չենք կարող խուսափել դրանցից որեւէ մեկից: Մենք այլընտրանք չունենք եւ պետք է հաստատակամ լինենք կառուցելու բարգավաճող երկիր, որպեսզի մեր հարգանքը մատուցենք ցեղասպանության զոհերի հիշատակին ու պատվենք վերապրածներին, որ ամենադաժան փորձություններով անցան մեր ապագայի հիմքերը դնելով»:
Հուշ-երեկոյին, որին ներկա էին նաեւ Ալմելոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ելույթներ են ունեցել Բոխումի Ռուհր համալսարանի Սփյուռքի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Միհրան Դաբաղը, Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի կենտրոնի նախկին նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Բայենը, Գերմանիայի «Արմենիենհիլֆե» կազմակերպության նախագահ, դոկտոր Գունտեր Բրինկմանը, Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անդամ Յաապ վան Սելիմը:
Դասական երաժշտության կատարմամբ հուշ-երեկոյի ընթացքում հանդես է եկել Դեվենթերի սիմֆոնիկ նվագախումբը` Արմենակ Արմենակյանի ղեկավարմամբ: ՀՄԸՄ սկաուտները կատարել են ազգագրական երգեր:



























