Խոսքի ազատության մասին խոսելիս առաջին խնդիրը որ գալիս է, վիրավորանքն է, համացանցում տիրող վիճակը, ատելությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Իհարկե, վիճակը մտահոգիչ է, հատկապես ագրեսիան մեծ է կեղծ օգտատերերից, կեղծ խմբերից եկող: Գրեթե չկա առողջ քննարկում որեւէ հարցի վերաբերյալ: Անգամ եթե երկու տեսակետ է քննարկվում, մի խումբը հայհոյում, վիրավորում է մյուս խմբին, վերջիններս էլ վիրավորում են էն մյուս խմբին:
Դիմելով մեր քաղաքացիներին խնդրում եմ, որ չներքաշվեն նման քննարկումների մեջ, որովհետեւ դա վտանգավոր է նրանով, որ կարող է իրական կյանք տեղափոխվել: Մենք ունեցանք այդպիսի դեպք, երբ այս իրադարձություններով պայմանավորված, մի քաղաքացի ծաղրող տեսանյութ էր հրապարակել մի կնոջ հետ կապված: Կնոջ ազգականներն էլ պայմանավորվել էին, գնացել էին հաշիվ մաքրելու եւ բռնություն էին գործադրել: Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իսկ ինքնադատաստանը շատ վտանգավոր երեւույթ է, որը չպետք է թույլ տանք կյանքում»,-ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով, սա խոչնդոտներ է ստեղծում նաեւ լրագրողների աշխատանքի համար, որովհետեւ հաճախ լրագրողներին նույնացնում են այն անձի հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել, եւ թիրախավորել լրագրողին. «Լրագրողի աշխատանքի հետ կապված կան որոշակի կարծրատիպեր, թե լրագրողը խոչնդոտում է որեւէ մարմնի աշխատանքը: Դա կարծրատիպ է ընդամենը, պետք է լրագրողի հետ ճիշտ աշխատելու սկզբունք որդեգրել, ելնել այն կանխավարկածից, որ լրագրողն օգնում է աշխատանքին»,-ասաց ՄԻ պաշտպանը:





























