Ճապոնական ավտոարտադրող ընկերություններն աստիճանաբար վերականգնում են արտադրությունն արտասահմանում գտնվող իրենց գործարաններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Այդպես, Toyota Motor Corporation-ը մայիսի 13-ին վերսկսում է իր երկու գործարաններից մեկի աշխատանքը Մեծ Բրիտանիայում, որը մարտի կեսերին դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բացի այդ, մայիսի 12-ին աշխատանքը կվերսկսի Toyota-ի` Թուրքիայում գտնվող գործարանը: Ավելի վաղ ավտոարտադրողն արդեն վերսկսել էր աշխատանքները Լեհաստանի եւ Ֆրանսիայի գործարաններում: Նախատեսվում է գործունեության վերականգնումը Ռուսաստանում տեղակայված գործարաններում եւ Մեծ Բրիտանիայի եւս մեկ գործարանում:

Իր հերթին, Nissan Motor Corporation-ը մայիսի 18-ին նախատեսում է վերականգնել աշխատանքը Ռուսաստանում իր գործարանում, իսկ Մեծ Բրիտանիայի գործարանում` հունիսի սկզբին:

Բացի այդ, ըստ Kyodo գործակալության, Suzuki Motor Corporation-ը մայիսի 12-ից վերսկսում է իր աշխատանքը Հնդկաստանի Հարյանա նահանգի Մանեսար շրջանում տեղակայված իր գործարանում, որը դադարեցվել էր մարտի վերջին: Գուրգաո շրջանում գտնվող գործարանը եւս դեռ չի աշխատում: