Սաուդյան Արաբիան հունիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնում է ապրուստի անհրաժեշտ մինիմումի վճարումը, հուլիսի 1-ից 3 անգամ բարձրանում է ավելացված արժեքի հարկը՝ 5-ից մինչեւ 15 տոկոս, հաղորդում է Reuters-ը:

Թագավորության ֆինանսների նախարար Մուհամմեդ ալ-Ջադաանի խոսքով՝ նման միջոցները ցավոտ են, սակայն՝ անհրաժեշտ, քանի որ երկրի ծախսերը գերազանցում են եկամուտները:

Առաջին եռամսյակում բյուջեի դեֆիցիտը կազմել է 9 մլրդ դոլար:

Աշխարհի ամենախոշոր նավթ արտահանող երկրի տնտեսությունը տուժել է էներգակիրների պահանջարկի նվազեցման պատճառով եւ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 37 հազար մարդ, 239 մարդ մահացել է:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի վիճակը:

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել նավթի արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը, որի շրջանակում առաջին երկու ամսում կրճատումը կկազմի օրական 9,7 մլն բարել: Առավելագույն պարտավորություններ են ստանձնել Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, որոնք պայմանավորվել են շուկայից հեռացնել 2,5 միլիոնական բարել: