Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազգային նավթային Aramco ընկերությանը հանձնարարել են օրական լրացուցիչ 1 միլիոն բարելով կրճատել հում նավթի արդյունահանումը՝ ի լրումն ՕՊԵԿ+-ի համաձայնագրով կրճատմանը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։

«Դա կբերի նրան, որ արտադրության ընդհանուր ծավալը, որը կիրականացվի թագավորության կողմից, օրական կկազմի մոտ 4,8 մլն բարել՝ համեմատած արտադրության ապրիլյան մակարդակի հետ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով․ «Այսպիսով, թագավորությունում արդյունահանումը հունիսին նպատակային եւ կամավոր կրճատումից հետո կկազմի օրական 7,492 մլն բարել»,- հավելել է նա։

Brent ապրանքանիշի նավթը թանկացել է 19 ցենտով, կամ մոտ 1 տոկոսով՝ մինչեւ 31,16 դոլար բարելի համար, այն դեպքում, երբ West West Intermediate ապրանքանիշի նավթը թանկացել է 38 ցենտով կամ 15 տոկոսով՝ մինչեւ 25,12 դոլար։

Նավթի համաշխարհային պահանջարկը ընկել է մոտ 30 տոկոսով՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

ՕՊԵԿ-ն ու Ռուսաստանի գլխավորությամբ նրա դաշնակիցները՝ ՕՊԵԿ+ խումբը, անցյալ ամիս պայմանավորվել են արդյունահանումը մայիսին եւ հունիսին օրական մոտ 9,7 մլն բարելով կրճատելու մասին, ինչը արդյունահանման ռեկորդային կրճատում է։ Արտադրողները հունիսից հետո աստիճանաբար կթուլացնեն սահմանափակումները, թեեւ մատակարարումների կրճատումը կմնա մինչեւ 2022թ․ ապրիլ։

Ըստ համաձայնագրի՝ Սաուդյան Արաբիայում նավթի նպատակային արդյունահանումը մայիս-հունիսին կազմում է օրական 8,492 մլն բարել։

«Այս լրացուցիչ կրճատնման նպատակն այն է, որպեսզի դրդենք ՕՊԵԿ+-ի մասնակիցներին, ինչպես նաեւ այլ արտադրող երկրներին կատարել արտադրական կրճատումներ, որը նրանք անում են, եւ ապահովել լրացուցիչ կամավոր կրճատումներ՝ նավթի համաշխարհային շուկաների կայունությանն աջակցելու նպատակով»,- ասել է սաուդցի պաշտոնյան։