Ֆինանսական շուկաները կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախությունների ֆոնին անկում են գրանցում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Օրը սկսվել է Ասիայում դրական դինամիկայով, որտեղ կարանտինային միջոցների թուլացում է նկատվում:
Ֆրանսիան, որտեղ գործում է Եվրոպայում կարանտինային ամենակոշտ ռեժիմները, երկուշաբթի սկսել է դրանց փուլային թուլացումը: Մեծ Բրիտանիան կիրակի ներկայացրել է կարանտինից փուլային դուրսբերման ծրագիրը:
Միեւնույն ժամանակ, Հարավային Կորեան զգուշացրել է վիրուսի երկրորդ ալիքի մասին. երկրում վարակման դեպքերի թիվը հասել է ամսական մաքսիմումին: Գերմանիան վարակման դեպքերի թիվը աճում է:
Euro STOXX 600 եվրոպական ինդեքսը նվազել է 0,87 տոկոսով, գերմանական DAX-ը՝ 0,78 տոկոսով, բրիտանական FTSE 100-ը՝ 0,36 տոկոսով: Ամենից շատ տուժել են էներգետիկ եւ տուրիստական ընկերությունները:
MSCI միջազգային ինդեքսը, որը ներգրավում է 49 երկիր, նվազել է 0,15 տոկոսով:
Երկուշաբթի արտասահմանյան արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը աճել է 0,3 տոկոսով, ճապոնական իենի նկատմամբ ամրապնդվել է մինչեւ 107,23:
Եվրոն նվազել է 0,2 տոկոսով՝ մինչեւ 1,0827 դոլար, ֆունտ սթեռլինգը 0,9 տոկոսով՝ մինչեւ 1,23 դոլար:
Brent տեսակի նավթի գինը նվազել է 1,11 դոլարով կամ 3,6 տոկոսով, իսկ տեխասյան West Texas Intermediate-ը 92 ցենտով կամ 3,7 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 23,82 դոլար:
Ոսկու գինն աճել է մեկ ունցիայի համար մինչեւ 1700 դոլար:





























