Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը  վարչական բողոք է ներկայացրել դատական դեպարտամենտին՝ վերաքննիչ քրեական դատարանի մասնաշենքում անձանց մուտք ու ելքի նկատմամբ հսկողություն իրականացնող դատական կարգադրիչների գործողության դեմ:

Փաստաբանը նշել է, թե ապրիլի 29-ին վերաքննիչ քրեական դատարանում երկու դատական նիստերի: Առաջին դատական նիստին մասնակցելու համար դատական կարգադրիչների կողմից փաստաբանի անձը ստուգվել է միայն փաստաբանի վկայականի միջոցով, իսկ երկրորդ դեպքում պահանջել են նաեւ ստուգել նրա պայուսակը:

Փաստաբանը բողոքել է, թե ինչու չեն ստուգում հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի ձեռքի պայուսակը` ի պատասխան լսելով. «Նա մեղադրող է, այդ իսկ պատճառով նրա պայուսակը չենք ստուգում, քանի որ կարգն է այդպես պահանջում...»: 

Կարգադրիչը նաեւ սպառնացել է փաստաբանին, որ եթե դատական նիստերի դահլիճից դուրս չգա, վատ կլինի, իսկ փաստաբանը պնդել է, որ նրանց գործողություններն իրավաչափ չեն եւ խոչընդոտում են իր` որպես փաստաբանի լիազորությունների իրականացմանը:

Էդմոն Մարուքյանը դատական դեպարտամենտից պահանջել է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել մուտք ու ելքի նկատմամբ հսկողություն իրականացնող եւ ոչ իրավաչափ գործող դատական կարգադրիչներին: