Երեւանի Կենդանաբանական այգու խնդիրների եւ զարգացման հեռանկարի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի, Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, կարեւորելով կենդանաբանական այգու ոչ միայն բնապահպանական, այլեւ կրթադաստիարակչական, նաեւ զբոսաշրջային առումով նշանակությունը, քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընգդծել է այգու զարգացման, վերազինման, միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու հարցում քաղաքապետարանի շահագրգռվածությունը: Քաղաքապետն առանձնացրել է կենդանաբանական այգու հենքի վրա տարածաշրջանային ուսումնական կենտրոն հիմնելու նպատակը:
«Հաշվի առնելով Հայաստանի հարուստ կենդանական աշխարհը` Երեւանն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում ամենաժամանակակից կենդանաբանական այգիներից մեկն ունենալու հնարավորությունը»,- նշել է Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը` պատրաստակամություն հայտնելով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այգու զարգացման ծրագրերի իրականացման հարցում:
Ներկայում ավարտական փուլում է կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը:





























