Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Ժնեւ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Նա ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնեւում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով: «Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր եւ դարերի պատմություն ունեցող արմատներ ունի եւ գալիս է այն ժամանակներից, երբ նորաստեղծ Հայոց այբուբենով գրվեց առաջին հայերեն գիրքը, որն Աստվածաշնչի թարգմանությունն էր: Գրեթե միաժամանակ ստեղծվեցին հայ գրականության գլուխգործոցներ, որոնք շատ առումներով կատարյալ ուսումնական ձեռնարկներ են նաեւ այսօր:
Հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է Եվրոպան, եւ խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում: 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները եւ նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ՝ հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել՝ Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաեւ այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես:
Շվեյցարիայի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաեւ՝ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված են Հանրապետության ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի բարձրագույն ղեկավարության հետ:
ԴԻՏԵՔ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ



























