«Երեւակայության գավաթ Հայաստան 2011» մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են։ Մայիսի 2-ին մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր ողջունեցին մրցույթն ու երիտասարդների մասնակցությունը մրցույթում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ։

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն երեք թիմերն են՝ X-Teach, Eco Friends եւ Anaka թիմերը, որոնք գրավել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը։

Առաջին մրցանակի արժանացած «X-Tech» թիմի ղեկավար Արման Աթոյանը ներկայացրեց իրենց ծրագիրը, որը կոչվում է «Teach me now»: Այն օնլայն  հարթակ է, որտեղ գործատուները եւ ուսանողները կարող են հանդիպել եւ դասընթացներ կազմակերպել աշխատատուի պահանջներին համապատասխան։ Այդպիսով, համակարգը կարող է կապել նրանց եւ երկուստեք օգտակար լինել:

 «Այժմ նախագահները կամ քաղաքագետները չեն փոխում աշխարհը, աշխարհը փոխում են տեխնոլոգները՝ Բիլ Գեյթս, Մարկ Ցուկերբերգ։ Եկեք հավատանք, որ մի օր էլ մեր ազգից՝ հայերից կլինի մարդ, որը կանի ինչ-որ բան, որը մեր երկիրը իրոք դառնա տեխնոլոգիական երկիր»,-ասաց Ա. Աթոյանը։ 

Հաղթող թիմերին կտրվի 1-ին մրցանակ` 300 000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակ` 250 000 ՀՀ դրամ, 3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ: Բացի այդ հաղթող թիմերը  պարգեւատրվեցին նաեւ խրախուսական մրցանակներով «ԱրմենՏել» ընկերության կողմից։ Մանսավորապես միջոցառման ընթացքում առաջին տեղը գրավված թիմը՝ X-Teach-ը «Արմենտել»- ի կողմից համակարգիչ ստացավ, իսկ մնացած թիմերի մրցանակները կտրվեն արդեն ընկերությունում։  

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն խոսքով հանդես եկավ, որում մասնավորապես ասաց. «Բազմաթիվ խնդիրների լուծման բանալին հենց ՏՏ ոլորտում է հնարավոր գտնել: Մեր ընկերությունը քաջ գիտակցում է տեխնոլոգիաների կարևորությունը կյանքում եւ ավելի պայծառ ապագա ունենալու համար դրանց կարեւորությունը»:

Նշենք, որ առաջին տեղը գրավող թիմը ամռանը կմեկնի Նյու Յորք` ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում:

Նշենք, որ «Երեւակայության գավաթ»-ն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթ է, ՏՏ ոլորտի ուսանողների համար, որը նախաձեռնվել է «Մայքրոսոֆթ»-ի կողմից։ Ներկայումս մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ եւ տարածաշրջաններ ողջ աշխարհում։ Հայաստանում մրցույթը անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Այն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների եւ նորարարությունների ստեղծման մեջ: Մրցույթի շրջանակում մասնակից թիմերը մշակում են ինովացիոն բնույթի ծրագրային ապահովման փաթեթներ` առաջարկելով արդի խնդիրների իրական լուծումներ: