Երեւանի ծայրամասային վարչական շրջանները եւս զարգացման ծրագրերից անմասն չպետք է մնան: Այս մասին այսօր` մայիսի 4-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Նուբարաշեն վարչական շրջան աշխատանքային շրջայցի ժամանակ:
«Ճիշտ է Նուբարաշենը քաղաքից կտրված է, բայց քաղաքի մի մասն է եւ այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում պետք է իր անդրադարձն ունենա նաեւ Նուբարաշենում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստացի 6000 բնակչություն ունեցող Նուբարաշեն վարչական շրջանում ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորոգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում:
Ծանոթանալով հիմնախնդիրներին, քաղաքապետը հանձնարարել է գույքագրել դրանք եւ գտնել ու առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ: «Փոքր վարչական շրջան լինելը, ինչ-որ տեղ նաեւ առավելություն է խնդիրների գույքագրման եւ լուծման առումով»,- նկատել է Կարեն Կարապետյանը:
«Մենք պարբերաբար շրջայցեր կունենանք բոլոր վարչական շրջաններում, կլսենք մեր գործընկերների կարծիքները, որպեսզի ամբողջ Երեւանում ունենանք միասնական աշխատաոճ»,-նշել է քաղաքապետը:





























