Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ամերկահայությունը եւս պատրաստ է մայիսի 31-ին անժանկետ նստացույց հայտարարել, եթե բանտում մնա գեթ մեկ քաղբանտարկյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ` կա’մ մինչեւ մայիսի 31-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կա’մ իրենց ստորագրությունը դնել հասարակություն-իշխանություններ ջրբաժանի ընդդիմության կոչի տակ: Իշխանություններն այլեւս սպառել են ինչպես Հայաստանի հասարակության համբերության, այնպես էլ միջազգային հանրության հանդուրժողականության բոլոր պաշարները եւ այս պահանջը չկատարելու դեպքում կանգնելու են համաժողովրդական ընդվզման փաստի առաջ, որի առաջին հրահրողները եւ պատասխանատուն հենց իրենք են` երկրի համար կենսական նշանակության բոլոր բնագավառներում սեփական անհեռանկար քաղաքականության շնորհիվ: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ չեն կարող անվերջ երկարաձգել հասարակության պահանջի եւ միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես վերջին հանրահավաքի ավարտին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Ազատության հրապարակում անժամկետ նստացույց կսկվի, եթե մինչեւ մայիսի 31-ը ազատ չարձակվեն քաղբանտարկյալներր: Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում իր համակիրներից, որոնք ցանկություն են հայտնում միանալու Հայաստանի նստացույցին: Այստեղ նույնպես սպառվում է մարդկանց համբերությունը:
Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարում է, որ եթե գեթ մեկ քաղբանտարկյալ մնա բանտում մինչեւ մայիսի 31-ը, ապա Լոս Անջելեսի հայությունը եւս, ի աջակցություն Լեոն Զուրաբյանի նախաձեռնության, նստացույց կկազմակերպի Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության մասնաշենքի դիմաց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին որպես համաժողովրդական պայքարի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ տարվող կարեւորագույն քայլի»:





























