«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջնայի գործով այսօրվա՝ մայիսի 5-ի դատալսումը մեծագույն զավեշտ էր. վկաների խոսքից ակնհայտ էր, որ նրանք կամ իշխանությունների հետ գործարքի մեջ են կամ նրանց վրա ճնշումներ են գործադրվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
«Այսօր դատարանում լսված բոլոր վկայություններն այնքա զավեշտալի էին, որ դահլիճը չէր կարողանում զսպել ծիծաղը։ Քանի որ ցուցմունքները կեղծ էին, վկաները հաճախ էին հայտնվում փակուղու առջեւ եւ հաճախ էին անհեթեթություններ ասում։ Ակնհայտ էր, որ Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանի հարցադրումները փակուղու առաջ էին կանգնեցնում նրանց։ Վկաները, ովքեր ապօրինի կառույցների սեփականատերեր էին, իրենց շինությունները օրինականացնելու դիմաց զրպարտում էին Տիգրան Փոստանջյանին՝ ասելով, որ նա աչք է փակել իրենց պատկանող կառույցների՝ ապօրինի լինելու վրա, տուգանքներ չեն գանձվել։ Եթե Տիգրան Փոստանջյանն իր ծառայողական պարտականությունները չի կատարել, ապա ո՞ւր էին մյուսները, ուրեմն նրանք էլ չեն կատարել սեփական պարտականությունները։ Այս ամենից երեւում է, որ վկաներն իշխանությունների հետ գործարքի մեջ են, իշխանություններին հաճո ցուցմունքներ են՝ միայն թե նրանց կառույցներին կդիպչեն»,- նշեց պատգամավորը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ վկաներից մեկն, իր ասելով, շաբաթ օրը ԱԱԾ մի կառույցում ցուցմունք է տվել այն դեպքում, երբ այդ օրը տվյալ կառույցը հանցագործությունների մասին հաղորդագրություններ չի ընդունում։
Վերջում Սաֆարյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատալսումը նշանակված է մայիսի 16-ին։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ամիսներ առաջ քրեական գործ էր հարուցվել` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի (այս դեպքում՝ Տիգրան Փոստանջյանի) կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ։
Հատկանշական է, որ Տիգրան Փոստանջյանի համոզմամբ, իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն: Զարուհի Փոստանջյանն իր հերթին ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իր եղբոր դեմ մեղադրանք ներկայացնելով՝ որոշ մարդիկ նպատակ ունեն լռեցնել իրեն, սակայն ինքը չի նահանջելու եւ «բռնատիրության կողմից սկսված հետապնդումներից չի վախենալու»:





























