Հայաստանում քաղաքական վերնախավը երկար տարիներ գործում էր լոկալ եւ  հասարակության ներուժը ծառայեցնում իր խնդիրների լուծմանը, սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է: Այսօր` մայիսի 5-ին «Հայաստան. հանրային պահանջ եւ ներքաղաքական առաջարկներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում, ինչպես ողջ արաբական աշխարհում, Հայաստանում եւս հասարակությունը, սկսեց բարձրաձայնել երկրի զարգացման մասին ունեցած պատկերացումները եւ իր պահանջներն առաջադրել քաղաքական ուժերին, մասնավորապես` ընդդիմությանը: Արդյունքում կարեւորվեց արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման շուրջ բանավեճը:

Մ. Սարգսյանի խոսքով, քննարկման նպատակն է փորձել հասկանալ, թե որքանով են հայաստանյան գործընթացները համապատասխանում հասարակության սպասելիքներին եւ վարվող բանավեճի տրամաբանությանը:

«Ընդդիմադիր դաշտում «խարիսխ ձգած» ամենահետադիմական երեւույթը, որ այսօր նկատելի է ընդդիմության տարբեր թեւերի ներկայացուցիչների շրջանում, իշխանությանը ծառայելու, նրա պատվերները կատարելու մեջ միմյանց մեղադրելն է: Եվ ամենազարմանալին այն է, որ այդ դաշտում սկսել են գերիշխել բոլոր տեսակի երեւույթների ավտորիտար ընկալումները»,- ասել է ՌԱՀՀԿ տնօրենը` նշելով, որ երրորդ ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունը նույնպես ավտորիտար մոտեցումների արդյունք է:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ: