Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում Երեւանի Ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մուգ բալագույն «Բենթլի» մակնիշի 01 ՈՈ 015 համարանիշի եւ սեւ գույնի «Տոյոտա Պրադո» մակնիշի 22 ՕՕ 018 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես է եղել, թե ինչպես «Բենթլիի» վարորդը մեծ արագությամբ դիմել է փախուստի, իսկ «Պրադոն», այնուամենայնիվ, չի կարողացել փախչել ոստիկաններից: Այն տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:
Ականատեսները հայտնել են, որ «Բենթլին» (առջեւից) եւ «Պրադոն» (հետեւից) խախտել են երթեւեկության կանոնները: «Պրադոյում» եղել է «Բենթլիի» տիրոջ թիկնազորը:
Ըստ ֆոտոլրագրողի, «Բենթլին» պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ներկայումս «Բենթլին» հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























