Գանձապետական միասնական հաշվի վրա դեռ «ազատ է» ընդամենը 73,7 մլրդ դրամ, եւ այն գտնվում է ԿԲ-ում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը կարգավորվում է գործող օրենքի շրջանակում:
«Երեկվա դրությամբ ազատ բալանսը կազմում է 73,7 մլրդ դրամ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ միջոցներն ազատ են, քանի որ մենք դեռ գտնվում ենք ամսվա սահմաններում, եւ ոչ բոլոր ծախսերն են իրացվել: Եթե մենք այդ ծախսերը լրիվ իրացնենք, ապա տվյալ գումարը կարող է կրճատվել եւ հասնել, ենթադրենք, 5 մլրդ դրամի կամ, օրինակ, 22 մլրդ դրամ: Դա կախված է նաեւ եկամուտների հավաքելիությունից»,-ասաց Ջանջուղազյանը:
Նախարարը նկատեց, ո ապրիլին, իրենց կանխատեսումներով, 2 տոկոս տնտեսական անկման պայմաններում հարկային մուտքերի մասով դեֆիցիտը կկազմի 169 մլրդ դրամ, ինչը կհանգեցնի հավելյալ վարկային պարտավորությունների տեսքով 260 մլրդ դրամի ներգրավման անհրաժեշտության:





























