ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար է նշանակվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի հրամանագրով այսօր նշանակվել է Պրիմակովը, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,-հայտնել են «Ռոսսոտրուդնիչեստվոյում»:
2017 թվականի դեկտեմբերից «Ռոսսոտրուդնիչեստվոն» ղեկավարում էր Էլեոնորա Միտրոֆանովը:
Պրիմակովը ծնվել է 1976 թվականին, նա խորհրդային եւ ռուս քաղաքական եւ պետական գործիչ Եվգենի Պրիմակովի (1929-2015) թոռն է: Աշխատել է տարբեր ԶԼՄ-ներում, այդ թվում ՏԱՍՍ գործակալությունում, 2002 թվականից աշխատել է հեռուստատեսությունում:
2010 թվականին Պրիմակովը դարձել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության հիմնադիր, որի նպատակն է օգնել աղետներից եւ պատերազմներից տուժած մարդկանց, 2011-ից 2014 թվականն աշխատել է փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչությունում, 2015-ից «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում «Միջազգային տեսություն» ծրագրի հեղինակ եւ հաղորդավար էր:
2017-ին դարձել է Հանրային պալատի անդամ: 2018-ին ընտրվել է Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ է:





























