Մինչեւ տարեվերջ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային համաձայնագիր կնքելու հնարավորություններ կան, չկան բանակցությունների Ժամկետները երկարաձգելու իրավական նախադրյալներ: Այս մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Պատասխանելով այն հարցին, թե իրատեսական է արդյոք Լոնդոնի հետ համաձայնության գալը, նա ասել է. «Դա կարող է պատահել, եթե լինի բանակցությունների պատրաստակամություն: Մենք ցանկանում ենք ապահովել արդար մրցակցություն եւ մեր քաղաքացիների հիմնական իրավունքների պահպանում»: «Ժամանակը չի սպասում, սակայն ամեն ինչ հնարավոր է»,- հավելել է նա:

Ֆոն դեր Լյայենը անհնար է համարել այն տարբերակը, ըստ որի մինչեւ ձմեռ կհամաձայնեցվեն միայն շրջանակային պայմանները, իսկ մանրամասներն՝ ավելի ուշ: Նա նաեւ բացառել է բանակցությունների ժամկետի ցանկացած երկարաձգում․ «Դրա համար իրավական հիմք չկա»: «Երկարաձգելու (բանակցությունները) հայցադիմումի ներկայացման ժամկետը լրանում է հունիսի վերջին: Այսպիսով, պարզ է, որ Մեծ Բրիտանիան կհեռանա ներքին շուկայից դեկտեմբերի 31-ին»,-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

«Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, սակայն մենք կասկածի տակ չենք դնի մեր արժեքներն ու հիմնական սկզբունքները»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի 1-ին՝ ելքի պայմանների երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելն ու Լոնդոնը պայմանավորվել են մինչեւ այս տարվա վերջ անցումային ժամանակի շուրջ, որի ընթացքում Եվրոպական բոլոր նորմերը տարածվում են Միացյալ Թագավորության վրա: Այս ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա հարաբերությունները կառուցելու մասին փաստաթուղթը։ Լոնդոնը հետեւողականորեն հայտնում է անցումային շրջանը երկարաձգելու իր անհամաձայնության մասին, չնայած մինչեւ տարեվերջ մնացած ժամանակը կարող է բավարար լինել վերջին ամիսներին COVID-19 համավարակի պատճառով հեռավար տեղի ունեցած բանակցությունները ավարտին հասցնելու համար: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են փոխզիջման գնալ չցանկանալու մեջ եւ ասում են, որ էական առաջընթացի հասնել իրենց առայժմ չի հաջողվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: