2020թ. հուլիսի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն  կատարած անձը Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երեւան քաղաքի 53-ամյա բնակչի կրծքավանդակին եւ բազկին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձեւով  ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: 

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել են արնանման հետքեր,  առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: