Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին համաձայնագիրը կասեցնելու մասին՝ կապված ինքնավար մարզում Պեկինի կողմից ներմուծված ազգային անվտանգության օրենսդրության հետ: Խոսելով Համայնքների պալատում՝ նախարարն ասել է, որ Բրիտանիան ցանկանում է դրական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ, հայտնում է BBC-ն:
Սակայն Պեկինի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության նոր օրենսդրության պարտադրումը երկրի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման լուրջ խախտում է, ասել է Ռաաբը:
Մեծ Բրիտանիան մտավախություն ունի, որ Հոնկոնգին արտահանձնված մարդիկ կարող են հայտնվել մայրցամաքային Չինաստանի բանտում, երբեմն՝ ցմահ:
Սովորաբար պահպանողականների կառավարության քայլերը դժկամորեն ընդունող լեյբորիստները հայտարարել են, որ իրենք համաձայն են այդ որոշման հետ՝ այն անվանելով ճիշտ ուղղությամբ կատարվող քայլ:
Ավելի վաղ, նման որոշում էին կայացրել Կանադայի եւ Ավստրալիայի կառավարությունները, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն եւս քննարկում են արտահանձնման պայմանագրերը կասեցնելու հնարավորությունը:
Ռաաբը նաեւ ասել է, որ Բրիտանիան զենքի էմբարգո կկիրառի Հոնկոնգի հանդեպ։ Չինաստանի հանդեպ էմբարգոն դեռեւս 1989-ին է սահմանվել:
Հոնկոնգի եւ Բրիտանիայի միջեւ արտահանձնման մասին համաձայնագիրը գործում է ավելի քան 30 տարի: Եթե Հոնկոնգի բնակիչը կասկածվում է բրիտանական հողի վրա օրենքը խախտելու մեջ, ապա Բրիտանիան կարող է խնդրել նրան արտահանձնել՝ բրիտանական արդարադատության առջեւ կանգնելու համար: Համակարգը գործում է նաեւ հակառակ ուղղությամբ:
Հոնկոնգը նմանատիպ պայմանագրեր ունի եւս 19 երկրների հետ: Բայց հուլիսի սկզբին Հոնկոնգում ուժի մեջ է մտել ազգային անվտանգության մասին Պեկինում ընդունված օրենքը, որը թույլ է տալիս Հոնկոնգում ձերբակալված անձանց առանց խոչընդոտի փոխանցել մայրցամաքային Չինաստանի քննչական եւ դատական իշխանություններին:




























