Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս զորքեր ուղարկելուն՝ այն բանից հետո, երբ նախագահը սպառնացել է Լիբիայում թուրքական ուժերի կողմից աջակցվող գործողությունների դեմ ռազմական դիմադրությամբ։

Այս քայլը կարող է հանգեցնել ուղղակի դիմակայության՝ Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ, որոնք Լիբիայի պատերազմում հակամարտող կողմեր են, հայտնում է AP-ը:

Նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսին ռազմավարական լիբիական Սիրտ քաղաքն անվանել է «կարմիր գիծ» եւ նախազգուշացրել է, որ քաղաքի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի Կահիրեի ռազմական միջամտությանը` իր արեւմտյան սահմանը պաշտպանելու համար:

Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատը փակ դռների հետեւում քննարկումից հետո հավանություն է տվել «Եգիպտոսի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար» զորքեր ուղարկելու ծրագրին։

«Եգիպտոսը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ներկա կրիտիկական ճգնաժամը հաղթահարելու համար աջակցի Լիբիային»,- ասվում է Եգիպտոսի նախագահի հայտարարության մեջ: