Եվրոպական միության պետությունները պայմանավորվել են կորոնավիրուսից տուժած երկրների տնտեսությունների վերականգնման օգնության փաթեթի չափի շուրջ: Պայմանավորվածության համաձայն, այդ նպատակների համար պետք է հատկացվի ոչ թե 500 միլիարդ եվրո, ինչպես պահանջել էին Գերմանիան եւ Ֆրանսիան, այլ 390 միլիարդ եվրո, հայտնել են եվրոպացի դիվանագետները հուլիսի 20-ի երեկոյան՝ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի չորրորդ օրը, տեղեկացնում է DW-ն:
Չվերադարձվող սուբսիդիաների գումարի կրճատման օգտին հանդես են եկել Ավստրիան, Դանիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ Շվեդիան: Սկզբնապես նրանք պնդում էին տրամադրել միայն վարկեր, այլ ոչ թե սուբսիդիաներ, որպեսզի Իտալիայի նման երկրներին դրդեն ավելի համարձակ բարեփոխումների քաղաքականության:
Օգնության ծրագրերը հատկապես քննադատության են ենթարկվել նաեւ այն պատճառով, որ ԵՄ-ն առաջին անգամ ցանկանում է մեծ չափով իր վրա վերցնել ներդրումների ծրագրերի եւ տնտեսության խթանման համար համատեղ պարտքային պարտավորությունները։
Եվրամիության արտակարգ գագաթաժողովը շարունակվում է ուրբաթ օրվանից, թեեւ ի սկզբանե նախատեսված էր ընդամենը երկու օրով: 27 երկրների ղեկավարները նաեւ պետք է պայմանավորվեն 2021-2027թթ. ԵՄ երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ՝ մինչեւ այն չընդունվի, օգնության ծրագիրը հնարավոր չէ սկսել:
Մնում է նաեւ բաց այն հարցը, թե արդյոք օգնության տրամադրումը կապված կլինի երկրների կլիմայի պաշտպանության եւ իրավական պետության ստանդարտների պահպանման հետ: Այնպիսի երկրներ, ինչպիսին Լեհաստանն ու Հունգարիան են, մերժում են դա:





























