Չորեքշաբթի Մալայզիայի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին պարտավորեցրել է ընդհանուր 1.69 միլիարդ ռինգիտի (397 միլիոն դոլար) հարկեր, ինչպես նաեւ տուգանքներ վճարել ժամկետանց վճարումների համար : Այս մասին նշվում է դատարանի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը բավարարել է հայցվորի հայցը՝ առանց լրացուցիչ դատական վարույթների անցկացման»,- նշվում է հայտարարության մեջ:
2019 թվականի հունիսին երկրի հարկային մարմինները դատական հայց էին ներկայացրել՝ պահանջելով գանձել նշված գումարը Նաջիբից, որը նաեւ տույժեր էր ներառում ուշ վճարումների համար: Մասնավորապես, նշվում էր, որ նախկին վարչապետը թաքցրել է իր եկամուտների մի մասը 2011-ից 2017 թվականներին ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, կառավարության նախկին ղեկավարը SRC International պետական ներդրումային հիմնադրամում խոշոր հափշտակության գործով դատական գործընթացի գլխավոր մասնակիցն է: Նրա դեմ յոթ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Դատավճիռը նախատեսվում է կայացնել հուլիսի 28-ին:
Նաջիբ Ռազակը 2009 թվականից մինչեւ 2018 թվականը զբաղեցնում էր Մալայզիայի վարչապետի պաշտոնը։




























