Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը իր դեմ պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներին թույլիկներ է անվանել: Նա այս մասին հայտարարել է «Գրոզնի» պետական հեռուստաընկերության Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում:
«ԱՄՆ-ն եւս մեկ պատժամիջոց է հորինել, որ պատերազմ սկսի կանանց դեմ: Չեմ հասկանում՝ ինչ կապ ունեն այստեղ իմ դուստրը, կինը: (...) Է՜հ, դուք, թույլիկներ»,- հայտարարել է Քադիրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ սեւ ցուցակում ոչ միայն իրեն, այլեւ իր ընտանիքի անդամներին ներառելը:
Քադիրովն ավելի վաղ պատասխանել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը իր դեմ նոր սահմանափակումներ մտցնելու մասին՝ առաջարկելով այն մտցնել ոչ միայն իր, կնոջ եւ երկու դուստրերի, այլեւ իր մյուս 12 երեխաների դեմ: Դրանից բացի, չեչեն առաջնորդի խոսքով՝ այն փաստը, որ իր հետ միասին սեւ ցուցակի մեջ են ներառվել իր կինն ու երեխաները, ցուցադրում է «համաշխարհային ինտրիգանների եւ սադրիչների իրական կեղծ դեմքը»: «Տարածաշրջանի բնակիչները ինձ աջակցում են, ինչի մեջ ձեր աչքով կարող եք համոզվել՝ ուղղակի հանրապետություն գալով, այլ ոչ թե որոշումներ ընդունելով օվկիանոսից այն կողմ»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը, փոխանցում է Lenta-ն:
Քադիրովի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու մասին Պոմպեոն հայտարարել էր հուլիսի 20-ին: Նրան մասնավորապես հիմա կարգելեն երկրի տարածք մուտքը: Պոմպեոյի խոսքով՝ Չեչնիայի ղեկավարը խախտել է հանրապետությունում մարդու իրավունքները եւ որպես իր գործողությունների արդարացում օգտագործել է կորոնավիրուսի համավարակը:




























