ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է օգոստոսի 1-ից միջազգային ավիահաղորդակցության վերականգնման մասին, չվերթները կկատարվեն Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որոշում է ընդունվել միջազգային ավիահաղորդակցության վերականգնման մասին: Ընդ որում՝ մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրադրությամբ, հիվանդացության ցուցանիշներով եւ փոխադարձության սկզբունքներով: Օգոստոսի 1-ից չվերթները կկատարվեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի օդանավակայաններից»,- ասել է Միշուստինը ՌԴ կառավարության խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ այս որոշումը նաեւ թույլ կտա արագացնել արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ առաջին փուլում թռիչքներ կիրականացվեն Մեծ Բրիտանիա, Տանզանիա եւ Թուրքիա: Հիմա օպերատիվ շտաբն աշխատում է երկրների ցանկի ընդլայնման վրա, հստակեցրել է նա, փոխանցում է «Մեդուզան»:

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել էր մարտի վերջին:

Առանձին երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման շուրջ բանակցությունները վարվում էին հուլիսի 15-ից: