«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը ներկայացրել է Տյումենում հայկական ընտանիքի չորս անդամների սպանության մանրամասները:

Մայիսի 18-ի գիշերը, մոտ 00:45-ին ոստիկանության հերթապահ մասում ստացվել է ահազանգ. Տյումենի Կույբիշեւ փողոցի 18ա հասցեի սեփական տանը տեղի է ունեցել սպանություն: Նշված հասցեով տեղ հասած ոստիկանները տեսածից կորցրել են խոսելու ունակությունը: Քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկում գտնվող փոքր տանը տեղի էր ունեցել իսկական սպանդ:

Բժիշկները տեղ են հասել ոստիկանների հետ գրեթե միաժամանակ: Ոստիկանությանն ահազանգել են զոհվածների հարազատները` հենց առաջին կրակոցից հետո: Բժիշկներն անմիջապես անցել են վիրավորներին` 35-ամյա կնոջն ու նրա զարմիկին: Սակայն չորսին օգնել նրանք արդեն չէին կարող: Տարեց կինը, նրա երկու որդիներն ու նրանցից մեկի քաղաքացիական կնոջը հանցագործները գնդակահարել են տեղում: Ողջ մնալու տարբերակ չի եղել:

ՌԴ Տյումենի մարզի Քննչական կոմիտեի քննչական վարչության ղեկավար Միխայիլ Բոգինսկին ասում է, որ բոլոր զոհվածները ազգությամբ հայ են: Հարձակվածների հիմնական թիրախը եղել են Պետրոսյան եղբայրները` 38-ամյա Լազարը եւ 37-ամյա Գարիկը` Հայաստանում ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Մյուսները պատահաբար են ընկել կրակի տակ:

Քննչական խումբը կարողացել է վերստեղծել հարձակման մոտավոր պատկերը: Երբ մարդասպաններն ավտոտնակի մոտով բակ են մտել տանը եղել է 11 մարդ` նրանցից հինգը երեխաներ: Երեք սենյակում բնակվել է սովորական հայկական ընտանիք` երեք սերունդ. 58-ամյա տանտիրուհին, նրա երկու որդիները, դուստրը, որդիների կանայք եւ թոռները: Կեսգիշերից հետո բոլորն արդեն անկողին էին մտել:

Հավանաբար որդիներից մեկը ձայն է լսել բակում եւ դուրս է եկել: Հենց նա էլ եղել է առաջին զոհը: Նրան սպանել են տան մուտքի մոտ:

Առաջին կրակոցներից հետո տանը խուճապ է սկսվել: Երկրորդ որդին, հասկանալով, որ եկել են իր ետեւից, թաքնվել է հեռավոր սենյակում: Այդ ընթացքում կանայք փորձել են փակել դռները` դիմակավոր մարդկանց մուտքը թույլ չտալու հույսով: Մարդասպանները շրջանցել են տունը, կոտրել են ետեւի պատուհանը եւ բազմաթիվ կրակահերթեր կատարել: Հենց դրա հետեւանքով կրակի տակ է ընկել ոչ միայն նրանց անհրաժեշտ մարդը, այլեւ մինչեւ վերջին պահը սեփական մարմնով եւ կյանքի գնով նրան պաշտպանած մայրն ու քաղաքացիական կինը: Համոզվելով, որ երկու եղբայրներն էլ սպանված են` հանցագործները հեռացել են:  

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անմիջապես հարուցվել է քրեական գործ: Հիմնական վարկածը սպանված տղամարդկանց քրեական անցյալն է: Պարզվում է` նախկինում եղբայրները ներքաշված են եղել մութ պատմություններում: Դեռեւս 2007-ին Նեֆտեյուգանսկում նրանք ազատազրկման են դատապարվել խարդախության, մոտ 2 միլիոն ռուբլու ոսկե իրերի գողության եւ թմրանյութ պահելու քրեական գործերով: Եղբայրներից մեկը բանտից դուրս էր եկել անցած տարվա մարտին, մյուսին բաց էին թողել նոյեմբերին:

Ազատվելուց հետո եղբայրները որոշել են նոր կյանք սկսել եւ տեղափոխվել են Տյումեն: Նրանց այստեղ արդեն սպասում էին. Մայրը Մայակում փոքր տուն էր գնել եւ այստեղ էր տեղափոխել ամբողջ ընտանիքին: Թվում էր` կյանքը հունի մեջ է ընկնում, թեեւ զբաղվածության խնդիրը սուր էր. երկուսն էլ պաշտոնապես գործազուրկ էին եւ վաստակում էին պատահական գործերով` ամառանոցների նորոգում:

Ազգամիջյան հողի վրա սպանության վարկածը քննիչներն անմիջապես բացառել են. հարձակվողները միմյանց հետ խոսել են հայերեն եւ, ամենայն հավանականությամբ, սպանվածների հայրենակիցներն են: Մութ դրվագներ այս պատմությունում դեռ շատ կան: Առայժմ հայտնի չէ, թե ինչ զենք են օգտագործել հարձակվողները: Հայտանբերած 15 պարկուճները 7,62 տրամաչափի են: Հայտնի չէ նաեւ սպանության գլխավոր պատճառը:  

Հաջորդ օրը Կույբիշեւի փողոցում մարդաշատ է: Ամեն րոպե կանաչ տնակին են մոտենում ավտոմեքենաներ, դարպասի մոտ ոստիկաններ են հերթապահում: Բակում հավաքվել են զոհվածների հարազատները: Հիմնականում տղամարդիկ են: Լաց չի լսվում, պարբերաբար պատասխանում են հեռախոսազանգերին: Մեկնաբանություններից խուսափում են: Նկարահանող խմբին դիմավորեցին թշնամաբար եւ սպառնացին կոտրել տեսախցիկը, եթե գեթ մեկ կադր նկարահանվի:

Հարեւան տների բնակիչները նախընտրում են դուրս չգալ: Հարցերին էլ չեն պատասխանում:

Սպանության վայրում աշխատանքն է շարունակում քննչական խումբը: Վիրավոր դպրոցականին արդեն դուրս են գրել հիվանդանոցից, կինը դեռ երկրորդ մարզային հիվանդանոցում է: Բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Փաստի առիթով հարուցվել է երկու քրեական գործ` երկու եւ ավելի անձանց սպանություն եւ հրազենի ապօրինի շրջանառություն:

Լուսանկարում տունն է, որտեղ տեղի է ունեցել սպանդը: