ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ին հավատարիմ ավտորիտար ռեժիմների աջակցության քաղաքականութունից անցնել ժողովրդավարության խրախուսման քաղաքականության: Այս մասին հայտարարել է Բարաք Օբաման` արաբական աշխարհին ուղղված ուղերձում:
«Մենք պատմական հնարավորություն առջեւ ենք կանգնած: Մենք հնարավորություն ունեք ցույց տալու, որ Ամերիկան ավելի բարձր է գնահատում Թունիսում փողոցային առեւտրականի արժանապատվությունը բռնապետի բիրտ ուժից», – հայտարարել է Օբաման:
Օբաման ընդգծել է, որ վերջին կես տարում արաբական երկրներում բեկումնային շրջան է սկսվել: Սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունեցել ապագան իրենց ձեռքերում վերցնել, ոչ թե գտնվել ավտորիտար կառավարման ենթակայության ներքո:
Նա նկատել է, որ նախկինում շատ արաբների վրա ազդում էր ժողովրդավարությունը մերժող Ուսամա բեն Լադենի գործունեությունը, սակայն Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ Եմենում ժողովրդավարական շարժումները ցույց են տալիս, որ այդ երկրների բնակչությունը ճիշտ ընտրություն է կատարում:



























