Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաեւ ԱՄՆ-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նրա խոսքով` Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձանախմբում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու պահանջը լուրջ քայլ է:
«Ես ներկա էի Կնեսետում, երբ տեղի ունեցան համապատասխան քննարկումները: Իսրայելի կառավարությունը հակառակ չգնաց Հայոց ցեղասպանության քննարկմանը եւ կառավարության ներկայացուցիչն ի նպաստ այդ հարցի ելույթ ունեցավ: Կնեսետում ներկայացված կուսակցություններն էլ ելույթ ունեցան եւ որոշումը միաձայն ընդունվեց: Նախորդ տարիներին այս հարցը հղվում էր արտաքին հարցերի հանձնախմբին, որը ետ էր կանգնում քննարկումնից, նկատի ունենալով Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այժմ, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են, հրեական կուսակցությունների միջեւ համաձայնություն կա Հայոց ցեղասպանության ընդունման հարցում: Եւ սա էլ հույս է ներշնչում, որ առաջիկա ամիսներին կամ տարում Ցեղասպանության ճանաչումը կարող է իրականություն դառնալ»,-ասաց Շիրվանյանը:
Նրա խոսքով Ցեղասպանության հարցի ճանաչմանը կարող են հաջրդել ուշագրավ զարգացումներ: Մասնավորապես Իսրայել Հայաստան փոխհարաբերությունները կզարգանան ի նպաստ Հայաստանի: Բացի այդ`Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից ճանաչման համար: «Հրեական լոբբին, հայտնի է, որ հզոր ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության մեջ»,-հայտարարեց Շիրվանյանը:
Նրա խոսքով` Իսրայելում հայ համայնքը Ցեղասպանության հարցի ճանաչման հարցի ներառումը Քվեսեթի օրակարգ` համարում է «փոքր հաղթանակ»: «Անշուշտ հավանական է, որ դեպքերն այլ ընթացք ստանան, Թուրքիան կփորձի մերձենալ եւ այլ քաղաքական խաղեր խաղալ Իսրայելի հետ` Ցեղասպանության ամբողջական ընդունումը կանխելու նպատակով: Սա, սակայն, միայն իմ ենթադրությունն է: Սպասենք իրադաձությունների զարգացմանը»,-հայտարարեց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:




























